Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

03.02.2011

Ռուբեն Հայրապետյան. «Ես չեմ կարող խաղ վաճառել, որովհետև դա մարմնավաճառության պես մի բան է»

Փետրվարի 3-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված էր վերջին շրջանում տարածված տեղեկություններին, կապված Հայաստան-Ռուսաստան Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման հետ: Մասնավորապես, «Ժամանակ» թերթում տպագրված էր հոդված, որում նշված էր, որ սպասվում գործարք երկու երկրների միջև, որի հետևանքով Հայաստանի հավաքականը կզիջի Ռուսաստանի ընտրանուն:

«Հայաստանի ազգային հավաքականը վերջին շրջանում լավ է հանդես գալիս, նրա կազմում ընդգրկվել են այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր հաղթանակի քաղց ունեն և հաղթողի հոգեբանություն: Վերջին 20 տարվա ընթացքում մենք այդպիսի հավաքական չենք ունեցել: Ֆուտբոլի ֆեդերացիային և մեր երկրի իշխանություններին հաջողվեց ստեղծել մի հավաքական, որի վրա կարող ենք հենվել, այժմ մենք հիանալի հնարավորություն ունենք նվաճելու Եվրոպայի առաջնության ուղեգիր, իսկ հատկապես Ռուսաստանի հավաքականի հետ խաղից առաջ ձգտում ենք հնարավորինս լավ համալրել ազգային թիմի կազմը:

Տարածված նման հրապարակումը հանգեցնելու է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ծառայողական հետաքննությանը, ցանկացած միջազգային ֆուտբոլային կառույցում, որոնց հետ բանակցում ենք և աշխատում, մեզ վերաբերվելու են որպես այնպիսի մարդկանց, ովքեր կարող են խաղ վաճառել: Բայց այժմ մեր ֆեդերացիայում Տեր-Պետրոսյաններ և Սուրեն Աբրահամյաններ չկան և խաղ հնարավոր չէ վաճառել, իսկ նրանք ովքեր առանց ստորագրության նման հերյուրանքներ են հրապարակում մամուլում, ինձ նույնիսկ պատահաբար հանդիպելու դեպքում, կարող են ինսուլտ ստանալ:

Դուք կարող եք ինձ չսիրել, բայց չսիրել մեր երկիրը չեք կարող, այդ հոդվածը Տեր-Պետրոսյանի թիմի հերթական ինտրիգն է, հենց որ այս երկրում մի ոլորտում առաջընթաց է արձանագրվում, անպայման հարձակվում են նրա վրա:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անմիջական հսկողության տակ է վերցրել ֆուտբոլը և ամեն ինչում աջակցում է ինձ և նա իմ առջև խնդիր է դրել հաղթել Ռուսաստանի հավաքականին, կրկնում եմ` ես չեմ կարող խաղ վաճառել, որովհետև դա մարմնավաճառության պես մի բան է», - հայտարարեց Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Որպես համաշխարհային ֆուտբոլային ընտանիքի անդամ երկրի ֆեդերացիայի ղեկավար` անընդհատ բանակցությունների մեջ եմ ինչպես հեռարձակող կազմակերպությունների, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հետ: Բայց ասացեք` այդ ո՞վ կբանակցի մի մարդու հետ, ով իբր թե նարկոբիզնեսով է զբաղվում ու զենքի վաճառքով: Տեղյա՞կ եք, թե նման մեղադրանքներն ինչպես են ընկալվում արտասահմանում: Հասկանո՞ւմ եք, որ ես բանակցում եմ հանուն հայկական ֆուտբոլի շահերի, և նրանք, ովքեր այսպիսի հերյուրանքներ են տարածում, ուղղակիորեն հարվածում են հայկական ֆուտբոլին ու Հայաստանին ընդհանրապես:

Արժեքներ կան, որոնց չի կարելի դիպչել: Երկրի շահերը ինչպե՞ս կարելի է ոտնահարել: Խաղ վաճառելը մարմնավաճառություն է: Հիմա մեր ֆեդերացիայում Տեր-Պետրոսյան ազգանունով մարդ չկա, Սուրեն Ջանգիրիչ չկա, որ այդպիսի գործարքներ կնքվեն: Վերջինս նաև հանդիպումների հեռարձակման իրավունքները ցածր գնով վաճառեց ու երկար ժամանակով հարվածի տակ դրեց մեր ֆուտբոլի զարգացումը: Այ, նրանց օրոք էին խաղեր վաճառվում, և դուք այդ մասին շատ լավ տեղյակ եք:

Նույնիսկ հեռարձակման իրավունքների վաճառքի վերաբերյալ պայմանագրերն եմ քննարկում երկրի ղեկավարի հետ: Նա միշտ այնպես է վարվում, որ մեր շահերն առավելագույնս պաշտպանված լինեն: Եվ եթե նրա աջակցությունը չլիներ, ես վաղուց էի հրաժարական տվել», - նշեց ՀՖՖ նախագահը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel