Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

10.02.2011

Ընկերական հանդիպում. Հայաստան-Վրաստան 1:2

Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց նոր մրցաշրջանում: Փետրվարի 9-ին մեր թիմը նոմինալ դաշտի տերի կարգավիճակով Լիմասոլ քաղաքի “Ցիրիոն” մարզադաշտում ընդունել էր Վրաստանի հավաքականին և պարտվեց 1:2 հաշվով:
Մեր թիմը խաղադաշտ դուրս եկավ առանց Ռոբերտ Արզումանյանի և Յուրա Մովսիսյանի, ովքեր նախօրեին վնասվածքներ ստացան և չկարողացան մասնակցել հանդիպմանը:
Առաջին կեսի սկզբնամասում թիմերը փոխանակվեցին սուր գրոհներով, ընդ որում, եթե Գևորգ Ղազարյանի հարվածից հետո, գնդակը սլացավ ուղղահայաց դարպասաձողի կողքով, Ջանո Անանիձեն ավելի նպաստավոր դիրքից շեղ հարվածեց: Քիչ անց Մարկոս-Մխիթարյան կոմբինացիան կարող էր ավարտվել դարպասի գրավումով, սակայն Հենրիխը մի փոքր շեղ հարվածեց: Իսկ 23-րդ րոպեին վրաց ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը: Կոբիաշվիլին ձախ եզրից փոխանցում կատարեց տուգանային հրապարակ և Իաշվիլին մեկ ակնթարթ արագ ու դիպուկ գտնվեց դարպասապահ Կասպարովից: 34-րդ րոպեին հյուրերի հերթական գրոհը պսակվեց հաջողությամբ: Մի շարք հարվածներից հետո, որոնց ընթացքում դարպասապահը և պաշտպանը փրկեցին իրավիճակը, գնդակը հայտնվեց Սիրաձեի մոտ, որի հարվածից հետո մեր պաշտպանները արդեն անզոր էին:
Ընդմիջումից հետո թիմերը կատարեցին մի շարք փոփոխություններ, մասնավորապես Վրաստանի ընտրանու մարզիչ Թեմուրի Կեցբայան փոխարինեց դարպասապահին: Մեր տղաները ակտիվացան. Մալաքյանը գեղեցիկ շրջադարձ հարվածով կարող էր գրավել Ռևիշվիլու պաշտպանած դարպասը, այնուհետև Մխիթարյանին գցեցին տուգանային հրապարակում: Մրցավար Անաստասիոս Գիանիսը նշանակեց 11-մետրանոց հարված: Նշանակետին մոտեցավ Մանուրաչյանը և դիպուկ հարվածով կրճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը: Ուշադրության է արժանի նաև Մարկոսի հարվածը, որից հետո դարպասապահը մեծ դժվարությամբ կարողցավ չեզոքացնել վտանգը: Խաղավերջում աշխուժացան Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները, ովքեր մի շարք վտանգավոր հարվածներ հասցրեցին մեր դարպասին:
Կողմերի գոլ խփելու հետագա ջանքերը անցան ապարդյուն: Հանդիպումն ավարտվեց Վրաստանի հավաքականի հաղթանակով 2:1 հաշվով:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ 1:2 (0:2)
Լիմասոլ, Ցիրիոն մարզադաշտ, 300 հանդիսական:
Մրցավար` Անաստասիոս Գիանիս (Կիպրոս):
Գոլերը` Էդգար Մանուչարյան, 60, 11մ - Ալեքսանդր Իաշվիլի, 23, Դավիդ Սիրաձե, 34

ՀԱՅԱՍՏԱՆ` Գևորգ Կասպարով, Հրայր Մկոյան, Արարատ Առաքելյան (Արթուր Յուսպաշյան, 46'), Սարգիս Հովսեփյան, Լևոն Հայրապետյան, Արտակ Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պինեյրո Պիզելի, Գևորգ Ղազարյան, Էդգար Մալաքյան, Էդգար Մանուչարյան (Արտակ Ալեքսանյան, 85')

Պահեստայիններ` Ստեփան Ղազարյան, Արթուր Եդիգարյան, Հովհաննես Համբարձումյան:

Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան

ՎՐԱՍՏԱՆ` Գիորգի Լորիա (Նուկրի Ռևիշվիլի, 46'), Լաշա Սալուկվաձե, Ակակի Խուբուտիա, Կախա Քալաձե, Լևան Կոբիաշվիլի, Մուրթազ Դաուշվիլի, Զուրաբ Խիզանիշվիլի (Լևան Կակուբավա, 57'), Գոգիտա Գոգուա, Ջանո Անանիձե, Ալեքսանդր Իաշվիլի (Գիորգի Մերեբաշվիլի, 50'), Դավիդ Սիրաձե

Պահեստայիններ` Գուրամ Կաշիա, Դաթո Կվիրկվելի, Ջաբա Կանկավա, Մաթե Վացաձե

Գլխավոր մարզիչ` Թեմուրի Կեցբայա

Զգուշացումներ`
Ակակի Խուբուտիա, 32, Էդգար Մանուչարյան, 79, Նուկրի Ռևիշվիլի, 79

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel