15.02.2011
Սեմինար-պարապմունք ՀՖՖ-ում ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգում տեղ գտած փոփոխությունների վերաբերյալ
2011 թվականի փետրվարի 14-ին ՀՖՖ գրասենյակում ՖԻՖԱ-ի տրանսֆերների համադրման համակարգի (ՏՀՀ) շրջանակներում կայացավ սեմինար-պարապմունք Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 8 ակումբների, ինչպես նաև «Կիլիկիա» ակումբի ՏՀՀ պատասխանատուների համար: Սեմինարը վարում էին ՏՀՀ պատասխանատուներ ՀՖՖ Միջազգային բաժնի պետ Սաթենիկ Ամիրանյանն ու միջազգային բաժնի մասնագետ Նաիրա Աբրամյանը:
Սեմինարը նվիրված էր Տրանսֆերների համադրման համակարգում տեղ գտած նոր փոփոխություններին, որոնք վերաբերում էին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների տրանսֆերային գործընթացին և անչափահաս ֆուտբոլիստների առաջին գրանցմանն ու միջազգային տրանսֆերին:
Ներկայացվեցին նաև ՖԻՖԱ-ի Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգում տեղ գտած փոփոխություններն ու լրացումները, որոնք նախօրոք թարգմանվել, ներառվել էին ՀՖՖ համապատասխան կանոնակարգում և ներկայացվել էին ակումբներին:
Սեմինարի տեսական նյութի ամփոփումից հետո ՀՖՖ Իրավաբանական և կադրերի բաժնի պետ Լուսինե Բակումյանը ներկայացրեց վերջերս կատարված կանոնադրական փոփոխությունները` կապված իրավական մարմինների հետ և, մասնավորապես, անդրադարձավ Վեճերի լուծման պալատի կազմավորման սկզբունքներին ու գործառույթներին: