Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

12.05.2011

«ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհվեցին հինգ ակումբներին

Ս.թ. մայիսի 10-ին, ՀՖՖ-ի շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Հիշեցնենք, որ ընթացիք մրցաշրջանում` ս.թ. փետրվարի 15-ին, արդեն կայացել էր այդ կոմիտեի անդրանիկ նիստը, որի ընթացքում կայացվել էին որոշումներ, թե հայկական որ ակումբները կստանան “ազգային” արտոնագրեր` արժանանալով ՀՀ Բարձրագույն խմբի 2011թ-ի առաջնությանը մասնակցելու իրավունքին:
Այս անգամ նիստի ընթացքում քննության էին դրվել «Փյունիկ», «Շիրակ», «Միկա», «Ուլիս» եւ «Բանանց» ակումբների փաստաթղթային փաթեթներն, որոնցով նրանք դիմել էին «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրերի համար, որոնք նրանց իրավունք կընձեռեին մասնակցելու 2011/2012թթ-երի մրցաշրջանի եվրոգավաթների խաղարկություններին:
Նիստը վարում էր Արտոնագրման կոմիտեի նախագահ Արա Լոպոյանը: Նիստին ներկա էին կոմիտեի փոխնախագահ Սաթենիկ Ամիրանյանը, ինչպես նաեւ անդամներ Հրաչյա Ղամբարյանը, Խաչիկ Դանիելյանը եւ Հակոբ Համբարձումյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էին ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը, տեղակալի պաշտոնակատար Վահագն Մարգարյանը, ԶԼՄ-ների հետ կապերի գծով պատասխանատու Տիգրան Իսրաելյանը, ֆինանսական հարցերով փորձագետ Աննա Բուչացկայան եւ կադրային հարցերով փորձագետ Լիդա Խաչատրյանը:
Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթներն ու մասնավորապես 2010թ-ի աուդիտրական հաշվետվությունները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Ստուգումների արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում Ա. Սարգսյանի եւ ֆինանսական հարցերով փորձագետ Ա. Բուչացկայայի կողմից: Միաժամանակ, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին խստագույն առաջարկվել է լիազորել իր փաստացի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանին` մասնակցելու ՀՖՖ-ի կողմից կազմակերպվող մարզչական որակավորման դասընթացներին:
Հիմնվելով դրանց վրա` Արտոնագրման կոմիտեն կայացրեց որոշում, ըստ որի «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու 5 ակումբներին:
Համաձայն ՈՒԵՖԱ-ի պահանջի, «արտոնագրային» որոշումների կայացումից հետո ակումբները պարտավոր են տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ (օրինակ, կադրային բնագավառում) անհապաղ տեղեկացնել ՀՖՖ-ին: Այդ պարտավորությունների վերահսկմանն ուղղված կլինի ՀՖՖ Արտոնագրման բաժնի գործունեությունը մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբեր ամիսը, երբ կսկսի արտոնագրման նոր, թվով 8-րդ մրցաշրջանը:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel