Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

02.09.2011

ԵՎՐՈ-2012. Անդորրա – Հայաստան 0:3

Մարկոս Պիզելիի, Գևորգ Ղազարյանի և Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ Հայաստանի ազգային ընտրանին խոշոր հաշվով հաղթանակ տոնեց Անդորրայի հավաքականի նկատմամբ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: Անդորրա լա Վելլայի “Կոմունալ” մարզադաշտում կայացած հանդիպման ողջ ընթացքում Հայաստանի հավաքականը տիրել էր տարածքային և խաղային նախաձեռնությանը` փորձելով գերազանցել գրեթե ամբողջ կազմով պաշտպանվող մրցակցին: Պետք է ասել, որ դաշտի տերերը ամենևին էլ մտադիր չէին ամբողջ խաղը անցկացնել պաշտպանվելիս և կարողացան կազմակերպել մի քանի սուր գրոհ:

Բավականին երկար ժամանակ մեր տղաներին չէր հաջողվում կատարել վերջին դիպուկ հարվածը: Շատ մոտ էր հաջողության հասնելու Արթուր Սարկիսովը, ով ներխուժեց տուգանային հրապարակ և ցածրից հարվածով ուղարկեց գնդակը դարպասի հեռավոր անկյունը: Խոսեպ Գոմեսը փայլուն ցատկով չեզոքացրեց վտանգը, սակայն նա էլ անզոր գտնվեց, երբ 35-րդ րոպեին Մարկոս Պիզելին, գտնվելով մի քանի մրցակցիների շրջապատման մեջ, գեղեցիկ հեռահար հարվածով բացեց խաղի հաշիվը:

Հանդիպման երկրորդ կեսում գոլային պահերի քանակը Անդորրայի հավաքականի դարպասի մոտ ակնհայտ ավելացավ: Մեկը մյուսի հետևից նպաստավոր դիրքերից վրիպեցին Ղազարյանը և Մանուչարյանը: Ինչևէ, 75-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը, գտնվելով սուր անկյան տակ, ուղարկեց երկրորդ գնդակը անդորրացիների դարպասը: Հանդիպման վերջակետը դրեց Հենրիխ Մխիթարյանը` հստակ իրացնելով 11-մետրանոցը, որը վաստակեց Կառլեն Մկրտչյանը` Իլդեֆոնս Լիմայի հետ պայքարում: Վերջինս ստացավ կարմիր քարտ և հեռացվեց խաղադաշտից:

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային ընտրանին կմեկնի Ժիլինա, որտեղ երկու օր անց կմրցի Սլովակիայի ընտրանու հետ: Մինչ այդ սեպտեմբերի 3-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը ԵՎՐՈ-2013 ընտրական մրցաշարում կխաղա Անդորրայի երիտասարդների հետ:


Հանդիպման վիճակագրությունը և մրցաշարային աղյուսակը կարող եք տեսնել այստեղ

Հանդիպման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ (HAKBER-FFA-ARMSPORT)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel