Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.11.2011

Տեղի ունեցավ Հայաստանի 20-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը

Նոյեմբերի 26-ին Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի 20-րդ առաջնության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Հանդիսատեսին ցուցադրվեց 2011 թվականի ֆուտբոլային ամփոփիչ տեսահոլովակը, որից հետո սկսվեց մրցանակաբաշխությունը, որը վարում էր Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը:

Առաջինը չեմպիոնի գավաթը և ոսկե մեդալները հանձնվեցին 2010-2011թթ. մրցաշրջանի ֆուտզալի առաջնության չեմպիոն «Էրեբունի» թիմին: Պարգևատրվեցին նաև առաջնության լավագույն ռմբարկու Մհեր Նազարեթյանը («Պոլիտեխնիկ») և լավագույն ֆուտբոլիստ Հակոբ Ուզունյանը («Էրեբունի»):

Այսքանով ֆուտզալին վերաբերող մասն ավարտվեց և Առաջին խմբի առաջնության չեմպիոնի գավաթն ու ոսկե մեդալները ստանալու համար բեմ հրավիրվեցին «Շենգավիթ» թիմի ֆուտբոլիստները:

«Արդար խաղի» մրցանակները հանձնվեցին «Ուլիս» և «Բանանց-2» թիմերին, որոնք հաղթող էին ճանաչվել այս մրցույթում համապատասխանաբար Բարձրագույն և Առաջին խմբի առաջնություններում:

Բրունո Կորեան արժանացավ լավագույն ռմբարկուի մրցանակի: «Բանանցի» հարձակվողը խփել է 16 գոլ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում:

Այնուհետև մեծարվեցին Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի բրոնզե («Գանձասար»), արծաթե («Փյունիկ») և ոսկե մեդալակիրները: Առաջնության չեմպիոն «Ուլիս» թիմին ոսկե մեդալներն ու չեմպիոնական գավաթը հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Արարողության ընթացքում տարբեր ընկերություններ և լրատվամիջոցներ շնորհեցին անհատական մրցանակներ.

«Հայկական Զարգացման Բանկը» մրցանակ հանձնեց «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանին «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» անվանակարգում:

«Միկայի» պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը ստացավ մրցանակ «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի կողմից սահմանված «Տարվա հայտնություն» անվանակարգում:

Բրունո Կորեան հաղթող ճանաչվեց totalfootball.am կայքի կողմից անցկացված «Թոփ-11» մրցույթում:


Մրցանակաբաշխության լուսանկարները կարող եք տեսնել այստեղ (Լուսանկարները` Հակոբ Բերբերյանի/Սոնա Բարսեղյանի/ՀՖՖ/armsport.am)

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel