Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

15.12.2011

Մեծարվեց Հայաստանի ազգային հավաքականը

Այսօր «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոն, որն իր ներկայությամբ պատվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երեկոյին մասնակցում էին բազմաթիվ անվանի մարդիկ, մտավորականներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզասերներ, ֆուտբոլասերներ, շախմատի Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչներ:
Երեկոյի մասնակիցներն ու հյուրերը ծափահարություններով դիմավորեցին Հայաստանի ազգային հավաքականի անդամներին`Ռոման Բերեզովսկուն, Արսեն Պետրոսյանին, Հրայր Մկոյանին, Արթուր Յուսպաշյանին, Հովհաննես Համբարձումյանին, Ռոբերտ Արզումանյանին, Լեւոն Հայրապետյանին, Արտակ Եդիգարյանին, Վարազդատ Հարոյանին, Արթուր Եդիգարյանին, Զավեն Բադոյանին, Հենրիխ Մխիթարյանին, Կառլեն Մկրտչյանին, Դավիթ Մանոյանին, Էդգար Մանուչարյանին, Յուրա Մովսիսյանին, Արթուր Սարկիսովին: Երեկոյին չէր կարողացել ժամանել միայն Մարկոս Պիզելին, որի անունը սակայն հնչեցվեց դահլիճում:
Ներկաները ծափահարություններով դիմավորեցին նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին:
Հայաստանի ազգային հավաքականի անդամներին շնորհավորեց եւ խոսք ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, որից հետո ՀՀ նախագահը պարգեւներ հանձնեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Սարգիս Հովսեփյանին եւ դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, անվանական ժամացույցներ հանձնեց հավաքականի բոլոր անդամներին, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստանի ազգային հավաքականի անունից` որպես հավաքականի լավագույն բարեկամի, հավաքականի մարզաշապիկ եւ գնդակ նվիրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Այնուհետեւ տեղի ունեցավ «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգով սահմանված մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս անվանակարգով սահմանված 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերին արժանացածները ստացան «Ոսկե», «Արծաթե» եւ «Բրոնզե» խաղակոշիկներ եւ դրամական պարգեւներ: Մրցանակները հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մրցանակ հանձնեց նաեւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթողին:
ՀՖՖ նախագահը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվոգրով պարգեւատրեց նաեւ Վիվա-Սել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին` հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:
ՀՖՖ նախագահը մրցանակներ հանձնեց նաեւ «լավագույն լուսաբանման համար» անվանակարգի հաղթողներին`Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին լրատվականին:
Երեկոյի ընթացքում ներկաներին շնորհավորեց եւ իր բարեմաղթանքի խոսքն ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Նորից բեմ հրավիրվեցին Հայաստանի ազգային հավաքականի անդամները` դարպասապահները, պաշտպանները, կիսապաշտպանները, հարձակվողները, հավաքականի գլխավոր մարզիչը, ովքեր պատասխանեցին երեկոյի հանդիսավարների հարցերին:
Երեկոյի ընթացքում ողջույնի եւ մեծարման խոսքեր հնչեցին նաեւ 70-ական թվականների «Արարատ» թիմի, հայկական ֆուտբոլի վետերանների, հայկական ֆուտբոլի երկրպագուների հասցեին:
Երեկոյի ավարտին առաջին անգամ հնչեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականին նվիրված երգը, որը հեղինակել են Արա Գեւորգյանն ու Վարդան Հովասափյանը: Երգը կատարեցին Համլետ Գեւորգյանն ու Զարուհի Բաբայանը:
Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոն ավարտվեց ՀՀ նախագահի եւ ՀՖՖ նախագաի հետ Հայաստանի ազգային հավաքականի լուսանկարվելու արարողությամբ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel