Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

17.12.2011

ՀՖՖ նախագահն անդրադարձավ ֆուտբոլային տարվա արդյունքներին

Այսօր «Հենարան» մամուլի ակումբի հրավերով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ ֆուտբոլային տարվա արդյունքներին` պատասխանելով նաեւ լրագրողների բազմաթիվ այլ հարցերի:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար, պարոն Հայրապետյանն անդրադարձավ այս տարվա բացթողումների և ձեռքբերումների հարցին, նշելով որ և բացթողումները և ձեռքբերումները կապված են ազգային հավաքականի հետ: ՀՖՖ նախագահը որպես բացթողում համարեց ԵՎՐՈ-2012-ում մասնակցելու ռեալ հնարավորության ձախողումը, իսկ որպես ձեռքբերում` մեր ազգային հավաքականի փայլուն ելույթները:

Հետագա պլանների մասին հարցին անդրադառնալիս, ՀՖՖ նախագահը նշեց, որ 2012թ. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է կիսով չափ ավարտել Գյումրիի ֆուտբոլի դպրոցի շինարարական աշխատանքները, որոնք սկսվել են երկու ամիս առաջ, ինչպես նաև հնարավորության դեպքում սկսել Վանաձորում և Երևանի Նորագավիթ թաղամասում ֆուտբոլի դպրոցների կառուցումը:

Հայաստանի առաջնության փոփոխված կարգի` աշուն-գարուն մրցակարգի մասին հարցին պատասխանելիս Հայսատանի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարն իր գոհունակությունը հայտնեց ՀՖՖ Գործկոմի կողմից կայացրած որոշման առթիվ, ընդգծելով որ մեր երկիրը խաղում ոչ թե Ասիական, այլ Եվրոպական մրցաշարերում, ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո, եւ մեր առաջնությունը պետք է անցկացվի Եվրոպայում ընդունված մրցակարգով:

Նշվեց նաև այդ մրցակարգին անցնելու մեկ այլ պատճառ: ՀՖՖ նախագահը նշեց, որ մտահոգության խնդիր էին երիտասարդական հավաքականի վերջին ելույթները:
«Ոսումնասիրությունները ցույց տվեցին, որ ֆուտբոլիստները հոգնած և վատ ֆիզիկական վիճակում էին, քանի որ մրցաշրջանի վերջն էր: Բոլորին հայտնի է որ հիմնական խաղերը լինում են աշնանը, սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին և որոշվեց փոփոխել առաջնության անցկացման կարգը, որպեսզի Հայաստանի ընտրանիները այդ ժամանակահատվածում ավելի հաջող հանդես գան»:

Ինչ վերաբերվում է հայաստանյան ակումբներում օտարերկրյա դարպասապահների հանդես գալու արգելքին, ապա, ինչպես նշեց ՀՖՖ նախագահը, բոլորը գիտեն, որ “դարպասապահների լուրջ խնդիր ունենք եւ ՀՖՖ Գործկոմը նման որոշում կայացրել է, որպեսզի Հայաստանի ակումբները զբաղվեն դարպասապահներ աճեցնելու խնդրով, ինչը նախկինում չէր արվում: Հատկապես մանկապատենկան թիմերում ուշադրություն կդարձնեն դարպասապահների վարպետության և աճի վրա: Այս մրցաշրջանում Բարձրագույն խմբի ութ ակումբներից հինգում խաղում էին օտարերկրյա դարպասապահներ: Դա շատ վատ է, քանի որ մեր երիտասարդ դարպասապահները փորձ ձեռք բերելու հնարավորություն չունեն”,- ավելացրեց ՀՖՖ նախագահը:

Անդրադառնալով Աշխարհի առաջնության խաղացանկի վերաբերյալ հարցին, ՀՖՖ նախագահը նշեց, որ «այն ոչ գոհացուցիչ է, ոչ էլ անհաջող է մեր հավաքականի համար, քանի որ բոլոր թիմերի հետ էլ հանդիպելու ենք: Մի քիչ շուտ մի քիչ ուշ, նշանակություն չունի: Այնուամենայնիվ մեկ առումով լավ է. Մալթան այդքան ուժեղ թիմ չէ և Ռոման Բերեզովսկու բացակայության պայմաններում դժվար կլիներ խաղալ օրինակ Դանիայի կամ Իտալիայի պես թիմերի դեմ»:

ՀՖՖ նախագահը թիմի հնարավորությունները առաջիկա ընտրական փուլում շատ բարձր գնահատեց: «Ինչքանով կստացվի դժվար է ասել, սա ֆուտբոլ է, բայց, այսօր, հաշվի առնելով մեր հավաքականի պոտենցիալը և ուժը, այլ խնդիր, քան առաջին տեղը խմբում գրավելու, դնելու իրավունք չունենք»:

Էդել Ապուլա Բետեին արդեն հրավիրվել է հավաքական, հայտարարեց ՀՖՖ նախագահը: «Ռոման Բերեզովսկին թիմի անփոխարինելի դարպասապահն է: Դա նշանակում է որ Բետեն իր տեղը կզբաղեցնի պահեստայինների նստարանին, և իհարկե անհրաժեշտության դեպքում դուրս կգա խաղադաշտ»:

Հայաստանի հավաքականը Թուրքիայում կանցկացնի միայն պաշտոնական խաղեր: «Գտնում եմ և իմաստ չեմ տեսնում այն բանում որ ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ անցկացնի Թուրքիայում: Ընկերական խաղերի համար շատ այլ երկրներ կան», - հավելեց ՀՖՖ նախագահը:

Պատասխանելով լրագրողի հարցին, ով մտավախություն հայտնեց, որ վերջերս տարածված տեղեկատվությունների համաձայն Յուրա Մովսիսյանը կարող ավելի բարձրակարգ ակումբ տեղափոխվել և արժանանալ Էդգար Մանուչարյանի ճակատագրին, ՀՖՖ նախագահը պատասխանեց որ, քանի որ խոսքը գնում Յուրա Մովսիսյանի մասին, ապա նրա տեղափոխությունը բարձրակարգ ակումբ չար կատակ չի լինի ֆուտբոլիստի համար: Որովհետև «Յուրան Էդգար Մանուչարյան չէ: Նա ամբողջովին այլ ֆուտբոլային մտածելակերպ ունի: Ինչքան բարձրակարգ ակումբում հանդես գա ֆուտբոլիստը, այնքան օգուտ կլինի մեր ազգային հավաքականին: Էդգար Մանուչարյանը հոգեբանական խնդիր ունի, նա վախկոտ է և նրան չի կարելի համեմատել համարձակ և հզոր Մովսիսյանի հետ, չնայած Մանուչարյանն իր տվյալներով, իր վարպետությամբ շատ ավելի հզոր է քան Մովսիսյանը»:

«Ազգային հավաքականի ցանկացած ֆուտբոլիստ, ինչպես նաև Սարգիս Հովսեփյանը, կշարունակի իր ելույթները հավաքականում, ինչքանով որ կկարողանա: Իսկ եթե մարզիչը գտնի որ որևէ ֆուտբոլիստ այլևս չի կարող օգնել հավաքականին, իհարկե այդ ֆուտբոլիստը հրաժեշտ կտա հավաքականին: Անկեղծ ասած ես չեմ պատկերացնում մեր հավաքականը առանց Սարգսի», - ասաց պ-ն Հայրապետյանը:

Կրկին բարձրակարգ դարպասապահների մասին հնչած հարցում, նշվեց որ արտասահմանում այդպիսին չկա: «Մակեդոնիայում կա երիտասարդ դարպասապահ, ով Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի անդամ է, այժմ նա վնասվածք ունի, երբ ապաքինվի, ապա միանշանակ կգա: Իսկ ինչ վերաբերվում է Մելիքսեթյանին, ապա հատուկ մարզիչ է մեկնել, որպեսզի դիտի նրա խաղը: Հայտնի է որ դարպասապահները 25 տարեկանից հետո են որակներ ձեռք բերում և եթե նա համապատասխանի հավաքականին անպայման կհրավիրվի»:

ՀՖՖ նախագահը պատասխանեց նաեւ լրագրողների այլ հարցերի եւս:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel