Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

28.12.2011

ՀՖՖ ՆԱԽԱԳԱՀԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2012/2013թթ-երի ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Հարգելի տիկնայք եւ պարոնայք,

Սույն հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես սկսում է իր ակումբների արտոնագրման համակարգի 9-րդ մրցաշրջանը, որին կմասնակցեն 2012/2013 թթ. մրցաշրաջանի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից թիմերի մայր ակումբներն ու ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերին հանդես գալու իրավունք ստացած ակումբները:
Նոր մրցաշրջանը տարբերվում է նախորդներից նրանով, որ ՀՀ Բարձրագույն խմբի 21-րդ առաջնությունը լինելու է անցումային և տևելու է նախորդներից ավելի երկար. այն, համաձայն ՀՖՖ Գործադիր կոմիտեի սույն թվականի նոյեմբերի 14-ի որոշման, այսուհետ անցկացվելու է աշուն-գարուն մրցակարգով:
Ակումբների արտոնագրման գործընթացը ընթանալու է սովորականի նման. իմ կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակազմին եւ կասկածից վեր է, որ մեր արտոնագրողներն, ինչպես միշտ, բազմակողմանի օժանդակություն կտրամադրեն արտոնագրման թեկնածու ակումբներին համակարգի պահանջներին նրանց համապատասխանելիությունն ապահովելու համար: Այս կապակցությամբ արդեն անցկացվել է սեմինար, որի ընթացքում ակումբների արտոնագրման հարցերով պատասխանատուներն ու հաշվապահները ծանոթացվել են համակարգի պահանջներին:
Միաժամանակ ես ակնկալում եմ, որ բոլոր ակումբներն անխտիր նույնպես պատասխանատվություն կդրսեւորեն այս աշխատանքների նկատմամբ, ինչը թույլ կտա այս գործընթացն ավարտել հաջողությամբ:
Ընթացիկ մրցաշրջանում կկիրառվի 2011թ. նոյեմբերի 14-ին ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից հաստատված ՈւԵՖԱ-ի կողմից փոփոխված ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի նոր կանոնակարգը (2011թ.-ի խմբագրություն), որը հիմնված է ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման եւ ֆինանսական արդար խաղի կանոնակարգի վրա, որում, նախորդի համեմատ, պահանջները ավելի հստակեցված են:
Ակումբների արտոնագրման համակարգում ՀՖՖ որդեգրած քաղաքականությունն ու նպատակային խնդիրները փոփոխություն չեն կրել, քանի որ դրանով ՀՖՖ-ն համակարգում փորձ է կատարում կիրառել կարճատև պլանավորման դրույթները: Շարունակելով ձեւավորված ավանդույթը եւ հիմնվելով նախորդ մրցաշրջանների արդյունքների վրա` ստորեւ ձեր ուշադրությանն են ներկայացվում ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի հիմքերը.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի նկատմամբ ակումբների կարիքների եւ ակնկալիքների բավարարում, օժանդակում ակումբների գործունեության բարելավման հարցերում եւ նրանց իրավունքների պաշտպանություն;
- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի արդյունավետության մշտական բարելավում եւ մասսայականացում;
- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի աշխատակցի Վարքագծի Կանոնագրքի դրույթների անշեղորեն պահպանում;
- ՀՀ օրենսդրության, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ-ի կանոնների անշեղորեն պահպանում;
- Ակումբների արտոնագրման շրջանակներում եվրոպական առաջավոր փորձի ուսումնասիրում, կիրառում եւ միջազգային կապերի զարգացում;
- Ակումբների եւ ՀՖՖ-ի ենթակառուցվածքների զարգացում ըստ ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի պահանջների;
- ՀՀ տարածքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման պայմանների բարելավում;
- Բազմակողմանի աջակցություն ակումբներին` մարզչական կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հարցերում;
- Բազմակողմանի աջակցություն ակումբներին` ՈՒԵՖԱ-ի Ֆինանսական Արդար Խաղի դրույթների կիրառման հարցում:

ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
- Արտոնագրերի շնորհում ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության եւ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ակումբային մրցաշարերի մասնակից ակումբներին;
- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի զարգացման ուղիների մշակում;
- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի կառավարում, գործունեության կոորդինացում, զարգացման ծրագրերի հստակեցում եւ դրանց իրագործման վերահսկում;
- Աջակցություն ՀՖՖ ակումբներին` նրանց մասնագետների (մարզիչներ, բժիշկներ, մամուլի քարտուղարներ եւ այլն) պատրաստման եւ վերապատրաստման հարցերում;
- Արտոնագրերի շնորհում ակումբների մարզիչներին եւ այն մասնագետներին, որոնց գործունեությունը պահանջում է համապատասխան թույլտվություն համաձայն ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի կանոնների;
- Բազմակողմանի աջակցություն միջազգային մրցաշարերում հանդես եկող ՀՖՖ ակումբներին;
- Շփումների կազմակերպում, պահպանում եւ համագործակցություն այլ ասոցիացիաների, ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի հետ` ակումբների արտոնագրման համակարգի ներդրման հարցերում;
- Մասնակցություն ՀՖՖ-ի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման եւ գործնական կիրառման հարցերում
- ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Կանոնակարգի, ՀՖՖ հրամանների եւ այլ արձանագրությունների, ինչպես նաեւ ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նմանատիպ փաստաթղթերի պահանջների կատարման վերահսկում;
- ՀՖՖ ակումբների փաստաթղթերի եւ արխիվային նյութերի հաշվառման եւ վիճակագրության վարում, ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի գործունեության տարեկան հաշվետվությունների թողարկում;
- Մշտական համակարգված աշխատանք ԶԼՄ-ների հետ եւ ակտիվ ներկայություն հեղինակավոր միջազգային սոցիալական ցանցերում` ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի մասսայականացումն ապահովելու համար;
- Առաջարկների ներկայացում մարզական օբյեկտների կառուցման եւ վերակառուցման, նյութատեխնիկական բազայի բարելավման վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում` մասնակցություն այդ նախագծերին` ինքնուրույն, ինչպես նաեւ պետական եւ տեղական մարմինների եւ մասնավոր ընկերությունների հետ համատեղ;
- Տեղեկատվական, մեթոդաբանական եւ խորհրդատվական աջակցության տրամադրում ակումբներին` ֆինանսական, իրավական, կադրային, մարզական եւ այլ հարցերի վերաբերյալ:

Ահա այսպիսին կլինեն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի առնվազն խնդիրները գալիք 2 մրցաշրջանների համար:
Կասկածից վեր է, որ ըստ նշված քաղաքականության կետերի եւ նպատակային խնդիրների` տարվող աշխատանքները կնպաստեն ոչ միայն ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի զարգացմանը, այլև ակումբների ֆինանսական, կադրային, ենթակառուցվածքային, իրավական եւ մարզական բնագավառներում տարվող աշխատանքների բարելավմանն ու եվրոպական նվազագույն պահանջներին համապատասխանելիությանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համոզված է իր ծրագրերի եւ ընտրած ուղու ճշմարտացիության մեջ եւ շարունակելու է լինել հետեւողական ու խստապահանջ իր սկզբունքների իրականացման հարցում, իսկ ակումբների արտոնագրումը այդ ծրագրերի բաղկացուցիչ մասն է:

ՀՖՖ Նախագահ
Ռ. Հայրապետյան

ք. Երևան 28 դեկտեմբերի 2011թ.

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel