Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

30.04.2012

ՀՖՖ նախագահի ելույթը ՀՖՖ 10-րդ ժողովում

Համաժողովի հարգելի մասնակիցներ,
Հարգարժան հյուրեր,
Տիկնայք եւ պարոնայք

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամներին` ընդունելու համար ՀՖՖ 10-րդ տարեկան ժողովը Գյումրիում անցկացնելու իմ առաջարկը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որդեգրած քաղաքականության կարեւոր բաղադրիչներից է ֆուտբոլային իրադարձությունները մայրաքաղաքից նաեւ դեպի Հայաստանի մարզեր տեղափոխելը, ինչը եւս մեկ գործոն է մարզերում ֆուտբոլի զարգացման համար:

Այսօր Գյումրիում տեղի է ունենալու ֆուտբոլային եւս երկու իրադարձություն`Գյումրիի վերակառուցված «Քաղաքային» մարզադաշտի հանդիսավոր բացումը եւ Հայաստանի գավաթի 21-րդ եզրափակիչը:

Մեր համաժողովն այս տարի տեղի է ունենում խորհրդանշական մի ժամանակաշրջանում: 2012 թվականին լրանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման քսան տարին: Ինձ համար եւս 2012 թվականը կարեւոր եմ համարում, քանի որ այս տարի լրանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում իմ պաշտոնավարման տասը տարին:

Առաջիկայում մենք առիթներ կունենանք հանգամանորեն խոսելու հայկական ֆուտբոլի անցած քսան տարիների, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեության մասին, բայց հստակ է, որ այս տարիների ընթացքում` հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, անցնելով բարդագույն ճանապարհ, լսելով բազմաթիվ քննադատություններ, քայլ առ քայլ իրականացրել ենք հայկական ֆուտբոլի զարգացմանն ուղղված
մի քաղաքականություն, որի արդյունքը ամրագրեցինք Հայաստանի ազգային հավաքականի այնպիսի ելույթներով, որոնք ոչ միայն ֆուտբոլային իրադարձություն էին հայկական ֆուտբոլի պատմության մեջ, այլեւ դարձան համախմբող գործոն` մեր հասարակության հայացքն ուղղելով դեպի հայկական ֆուտբոլն ու նրա ապագան` միաժամանակ մեզանից պահանջելով ավելին:

Սա բավարար չէ մեզ համար, ինձ համար անձամբ, քանի որ մենք անցել ենք մեր առջեւ դրված ճանապարհի մի փոքր հատվածը միայն, եւ շարունակելով իրականացնել ֆուտբոլի զարգացման մեր որդեգրած քաղաքականությունը, ոչ մի քայլ շչեղվելով այն առաջնահերթություններից, որոնք կարեւորել ենք որպես հայկական ֆուտբոլի զարգացման գործոններ, մենք արձանագրելու ենք նոր հաջողություններ. մանավանդ, որ նոր հաջողությունների պահանջը մեր առջեւ դրված է ոչ միայն մեր ֆուտբոլային ընտանիքի, այլեւ երկրի բարձրագույն ղեկավարության, Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից, ով մշտապես եղել է հայկական ֆուտբոլի կողքին եւ որ ամենակարեւորն է` մեր ողջ հասարակության կողմից:

Այդ հաջողություններին մենք հասնելու ենք` շարունակելով մարդկային ռեսուրսների, ֆուտբոլային կրթական համակարգերի անընդհատ կատարելագործումը, ֆուտբոլային ենթակառուցվածքների առավել զարգացումը, ֆինանսական հոսքերի ճշգրիտ կառավարումը, ակումբային ֆուտբոլի կայացումն ու ֆուտբոլային կյանքի հստակ կանոնակարգումը: Մենք շարունակելու ենք ֆուտբոլի մասսայականացումը, ֆուտբոլում հասարակության ընդգրկվածության մակարդակի բարձրացումը` լինելով հրապարակային, բաց եւ թափանցիկ մեր հասարակության յուրաքանչյուր անդամի համար:

Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրերից հայկական ֆուտբոլի զարգացման գրավականն եմ համարել մանկապատանեկան ֆուտբոլի կայացումը, մանկապատանեկան ֆուտբոլի ենթակառուցվածքների ստեղծումը, մանկապատանեկան մարզչական ռեսուրսի ձեւավորումը:

Մանկապատանեկան ֆուտբոլը պահանջում է հատուկ մոտեցումներ, հատուկ ենթակառուցվածքներ, հոգեբանորեն պատրաստ եւ գրագետ մարզչական ռեսուրս եւ ամենօրյա հետեւողական, նպատակասլաց աշխատանք:
Այսօր Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների բազմաթիվ խաղացողներ, որոնցով հպարտանում ենք ոչ միայն մենք, այլեւ արդեն մեծ ֆուտբոլի բազմաթիվ ղեկավարներ ու բազմահազար երկրպագուներ, ընդամենը տասը տարի առաջ իրենց առաջին քայլերն արել են հենց այն մանկապատանեկան ֆուտբոլում, որի զարգացման ու կայացման համար չենք խնայել ոչ մի ջանք:

Ինչպես անցած տասը տարիների ընթացքում, այնպես էլ հաշվետու ժամանակաշրջանում մենք շարունակել ենք հատուկ ուշադրություն սեւեռել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը` ամեն օր կատարելագործելով մեր մոտեցումներն ու զարգացնելով մեր պահանջները, իրականացնելով շատ հաճախ անտեսանելի, չնկատվող, բայց շատ կարեւոր աշխատանք:

Համաժողովի հարգելի մասնակիցներ

2011 թվականի մեծ ձեռքբերումը հանդիսացավ այն փաստը, որ ՈՒԵՖԱ-ն իրավունք ընձեռեց ՀՖՖ-ին` անցկացնելու մարզչական բարձրագույն որակավորման ՊՐՈ արտոնագրի դասընթաց` հաշվի առնելով նախորդ տարիներին արձանագրված նշանակալից հաջողությունները այդ ոլորտում: Այն կսկսվի արդեն 2012թ. մայիսին, ՈՒԵՖԱ-ի կողմից հաստատված ծրագրով:
Ինչպես հիշում եք, մեր նախորդ համաժողովի ընթացքում ես նշեցի, որ այս ուղղությամբ տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Դրանք այսօր արդեն իրականություն են:
Ես այս գործընթացը կարեւորում եմ մեր մարզչական ռեսուրսի բարձր որակավորման առումով, որոնք միջազգային ֆուտբոլային զարգացումների հետ համաչափ քայլելու, առաջիկա տարիներին արդյունքներ արձանագրելու կարեւոր բաղադրիչներից են:
Ես արդեն ասացի, որ մենք բացառիկ կարեւորություն ենք տալիս մարդկային ռեսուրսի կրթական խնդիրներին, անընդհատ կատարելագործմանը, միջազգային փորձին հաղորդակցվելուն եւ այդ ուղղությամբ չենք խնայել ջանքեր ու միջոցներ:
Առանց մրցունակ մարդկային ռեսուրսի մենք չենք կարող իրականացնել այն խնդիրները, որոնք դրված են մեր առջեւ միջազգային ֆուտբոլային ընտանիքի կողմից:

2011 թվականի ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարբեր բաժինների ղեկավարներ, աշխատակիցներ ֆուտբոլային, կառավարման, մարքետինգային հիմնարար դասընթացներ են անցել ՈՒԵՖԱ-ի հեղինակավոր ծրագրերում, ստացել են հիմնական կրթություն եւ այսօր արդեն ստացած գիտելիքները կիրառելու են մեր ֆուտբոլի կառավարման ոլորտում:

Անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացմանը պետք է նշեմ, որ անցյալ հաշվետու ժողովում անդրադառնալով ֆուտբոլի ակադեմիայի` ՀՖՖ տեխնիկական կենտրոնի շահագործմանը, նշեցի, որ այդ հսկայածավալ համալիրի շինարարության երկրորդ փուլով նախատեսվում է կառուցել եւս 6 խաղադաշտ, որոնցից մեկը 2500 նստատեղով, ծածկած տրիբունայով եւ 3000 մետր քառակուսի օգտակար մակերեսով սպասարկման շինություններ, անհրաժեշտ ինժեներական կառույցներ եւ այլն, որոնց ներդրումների ծավալը կկազմի մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ ծրագիրն այսօր ընթացքի մեջ է:
Ֆիզիկական ենթակառուցվածքների առումով ես կարեւոր եմ համարում նաեւ «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման հետ կապված աշխատանքները:
Հայաստանի ազգային հավաքականն իր ելույթներով ստիպեց լրջորեն մտածել «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման ուղղությամբ եւ կարծում եմ այն քայլը, որ մենք կատարում ենք այսօր, առաջիկայում մեր ազգային հավաքականին կմղի նոր եւ առավել նշանակալի հաջողությունների:
Առաջիկայում մենք կունենանք այս փուլի համար ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կողմից ներկայացվող պահանջներին համապատասխանող, իր ենթակառուցվածքներով միջազգային հանդիպումներ սպասարկելուն պատրաստ, երկրպագուներին հարմար եւ, որ ամենակարեւորն է` մեր ազգային հավաքականին պատշաճ, որակյալ մարզադաշտ: Այս աշխատանքների հնարավոր ներդրումային ծավալը կկազմի 2-3 միլիոն ԱՄՆ դոլար:

Նշեմ նաեւ, որ Գյումրիում եւս կառուցվում է ֆուտբոլի ակադեմիա` տեխնիկական կենտրոն, որը կլրացնի ֆուտբոլային ենթակառուցվածքների բացը ողջ Շիրակի տարածաշրջանում եւ հնարավորություն կտա մի նոր հարթություն տեղափոխել թե պրոֆեսիոնալ ֆուտբոլը, թե մանկապատանեկան ու մասսայական ֆուտբոլը Շիրակում:

Համաժողովի հարգելի մասնակիցներ

Անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքական թիմերին, նախ ուզում եմ նշել, որ,ինչպես գիտեք, Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է պայքարը Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում:Մեր թիմն այժմ զբաղեցնում է խմբում չորրորդ տեղը և պահպանում է հնարավորությունները հաջորդ փուլ դուրս գալու համար:
Հաջող հանդես եկավ նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը, որը Երևանում կայացած Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլում գրավել է երկրորդ տեղը եւ այս տարի մայիսին էլիտ ռաունդի մրցաշարում կվիճարկի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր Իսպանիայի, Բելգիայի և Իտալիայի ընտրանիների հետ:

Ես չեմ կարող, իհարկե, չխոսել Հայաստանի ազգային հավաքականի բացառիկ ելույթների մասին:
Արդեն նշեցի, որ Հայաստանի ազգային հավաքականն իր ելույթներով դարձավ ողջ աշխարհի հայությանը համախմբող գործոն, մեր հասարակությանը մոբիլիզացնող ուժ:Մենք կարողացանք տարիների աշխատանքի, հատուկ եւ բացառիկ մոտեցումների շնորհիվ ձեւավորել մի հավաքական, ովքեր խաղում են հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն պետության վարկի:
Կարողացանք ստեղծել երիտասարդ մի թիմ, որն իր կամային որակներով, իր նվիրվածությամբ ֆուտբոլին ապացուցեց, որ կարող է լուրջ մրցակից լինել
Մենք կարողացանք ստեղծել նաեւ երիտասարդ մարզչական շտաբ, որն իր գրագետ մոտեցումներով, անընդհատ կրթվելու ու կատարելագործվելու պատրաստակամությամբ կարողացավ կայացնել այն հավաքականը, որն այսօր ունենք:

Այս ամենով հանդերձ, ինչպես արդեն նշեցի, սրանք ինձ համար բավարար արդյունքներ չեն: Արդեն ասացի, որ մենք անցել ենք ճանապարհի մի փոքր հատվածը միայն եւ առաջիկայում շարունակելու ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր երիտասարդ հավաքականը լինի կատարելապես կայացած, հզոր ֆուտբոլային թիմ, որը կլուծի 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում հանդես գալու խնդիրը եւ էլի բազմաթիվ խնդիրներ, որոնց սպասում է մեր հասարակությունը:

Ավարտելով խոսքս ուզում եմ նշել, որ ես երբեք ոչ մի ձեռքբերում չեմ համարել վերջնական եւ երբեք չեմ հանգստացել ձեռք բերածով: Այն ձեռքբերումները որոնց մասին խոսեցինք, նույնպես չեմ համարում ավարտուն եւ շարունակելով մեր որդեգրած քաղաքականությունը, մեր մոտեցումները հայկական ֆուտբոլի զարգացման գործում, մեր մատնանշած առաջնահերթությունների ուղղությամբ տարվող աշխատանքը, մենք արձանագրելու ենք նոր եւ նոր հաջողություններ:

Շնորհակալություն

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel