Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

26.07.2012

Մանկապատանեկան ֆուտբոլում աշխատող 70 մարզիչներ կստանան մարզչական կարեւորագույն գիտելիքներ

Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը Հայաստանում շարունակում է մնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր առաջնահերթություններից մեկը: Առաջնորդվելով իր որդեգրած քաղաքականությամբ, ՀՖՖ-ն շարունակում է հետեւողականորեն իրականացնել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված գործնական քայլեր: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ մշակվել է մանկապատանեկան ֆուտբոլում աշխատող մարզիչների տեւական վերապատրաստման ծրագիր, որն իր մեջ ներառում է ինչպես տեսական այնպես էլ գործնական դասընթացներ եւ որն իր ծրագրային հիմքով եւ մեթոդաբանությամբ մոտ է ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչների արտոնագրման համակարգին: Այդ ծրագրի շրջանակներում այս օրերին Հանքավանի մարզաբազայում անցկացվում է Հայաստանի բոլոր մարզերում մանկապատանեկան ֆուտբոլում աշխատող շուրջ 70 մարզիչների հերթական դասընթացը, որը համակարգում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Այս դասընթացը կարեւորվում է նաեւ նրանով, որ մարզերում աշխատող մարզիչները հնարավորություն են ստանում առանց նյութական միջոցներ ծախսելու, ՀՖՖ-ի ֆինանսական աջակցությամբ կատարելագործել իրենց մարզչական գիտելիքները միջազգային չափորոշիչներին համապատասխան եւ դրանք տեղափոխել հեռավոր մարզեր: Արդյունքում Հայաստանի մարզերում ֆուտբոլով զբաղվող հազարավոր երեխաներ ու պատանիներ ստանում են որակյալ ֆուտբոլային գիտելիքներ, անցկացնում են որակյալ մարզումներ` նախապատրաստվելով մեծ ֆուտբոլում հանդես գալուն: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բազմիցս հայտարարել է, որ մարզերում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը զուգահեռ ՀՖՖ-ն կարեւորում է նաեւ ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը, եւ ֆուտբոլային մթնոլորտի ու ֆուտբոլային իրադարձությունների տեղափոխումը Երեւանից մարզեր: Այս ծրագրի իրականացման շրջանակներում այսօր մարզերում կառուցվում են ֆուտբոլային ժամանակակից ենթակառուցվածքներ, Գյումրիում ընթանում է Շիրակի տարածաշրջանի ֆուտբոլային ակադեմիայի շինարարությունը, ժամանակակից մարզագույք է հատկացվում մարզերի ֆուտբոլային դպրոցներին, տեղերում իրականացվում են անընդհատ սեմինար պարապմունքներ եւ այլն: Հատուկ դասընթացի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մարզաբազայում հանդիպում ունեցավ մարզերից ժամանած շուրջ 70 մարզիչների հետ, մասնակցեց նրանց գործնական պարապմունքին: Մարզիչները բազմաթիվ հարցերի պարզաբանումներ ստացան Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչից` սկսած պատանի ֆուտբոլիստների սելեկցիայի խնդիրներից մինչեւ ձմեռային մարզադահլիճներում մարզումներ անցկացնելու մեթոդոլոգիաները: Վարդան Մինասյանը նշեց, որ ՀՖՖ նախագահի հանձնարարությամբ այս ծրագիրը լինելու է շարունակական եւ ընդգրկելու է ավելի մեծ շրջանակներ:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel