Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

14.11.2012

Տեղի ունեցավ Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղը. Հայաստանի հավաքականը հաղթեց Լիտվայի ընտրանուն

Այսօր Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում Հայաստանի հավաքականը հյուրընկալել էր Լիտվայի հավաքականին: Այս խաղում հավաքականի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրեց Սարգիս Հովսեփյանը, որը դեռևս սեպտեմբերին հայտարարել էր ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին: Հերթական անգամ խաղադաշտ դուրս գալով ավագի կարգավիճակով՝ Սարգիս Հովսեփյանը, ինչպես և նախատեսվում էր, փոխարինվեց արդեն 4-րդ րոպեին՝ արժանանալով ֆուտբոլասերների բուռն ծափողջյուններին: Խաղադաշտ դուրս եկավ Արտակ Եդիգարյանը, իսկ ավագի թևկապն էլ փոխանցվեց Ռոման Բերեզովսկուն: Դրանից ընդամենը 2 րոպե անց Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ: Ձախ ոտքի գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Էդգար Մանուչարյանը: Շատ շուտով արդեն Մանուչարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով, իսկ քիչ հետո նրա ճակատագրին արժանացավ նաև Ռոբերտ Արզումանյանը: Ընդհանուր առմամբ, առաջին խաղակեսն անցավ դանդաղ տեմպով և առանց վտանգավոր պահերի:
Ընդմիջմանը տեղի ունեցավ Սարգիս Հովսեփյանի մեծարման արարողությունը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Սարգիս Հովսեփյանին նվիրեց նոր և գեղեցիկ մեքենայի բանալիներ, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ոսկե մեդալ:
Երկրորդ խաղակեսի հենց սկզբից մեր ֆուտբոլիստներն ավելացրեցին տեմպը: 48-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի տուգանային հարվածից հետո ետ եկած գնդակին առաջինը տիրեց Կառլեն Մկրտչյանը և մոտ տարածությունից այն ուղարկեց դարպասը: 59-րդ րոպեին գեղեցիկ և բազմաքայլ կոմբինացիայից հետո աջ թևում հայտնված Հենրիխ Մխիթարյանը պատ խաղարկեց Արաս Օզբիլիսի հետ և մոտ տարածությունից գրավելով մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձրեց արդեն 3-0: Դրանից հետո մեր տղաները թուլացրին զգոնությունը և 66-րդ րոպեին Ռիմկյավիչուսը գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 3-1: Բայց ընդամենը 5 րոպե անց Արաս Օզբիլիսը վերականգնեց 3 գնդակի տարբերությունը՝ պարաշյուտային հարվածով գրավելով լիտվացիների դարպասը և հաշիվը դարձնելով 4-1: Լիտվացիներին հաջողվեց ևս մեկ անգամ կրճատել հաշվի տարբերությունը: 83-րդ րոպեին 11 մետրանոցն անվրեպ իրացրեց նույն Ռիմկյավիչուսը: Ավելին անել լիտվացիներին չհաջողվեց: Հայաստանի հավաքականը հաղթեց 4-2 հաշվով՝ լավ նվեր մատուցելով մեր լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանին:

Հանդիպման վիճակագրությունը կարող եք տեսնել այստեղ

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel