Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

05.12.2012

«Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» մրցաշարը` ՀՖՖ աջակցությամբ

Դեկտեմբերի 3-ին «Միկա» մարզադահլիճում մեկնարկեց «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների միջև 6-րդ մրցաշարը, որն անցկացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «Առաքելություն արևելք» կազմակերպության աջակցությամբ: Չնայած մրցաշարը սիրողական է, բայց այն կսպասարկեն ՀՖՖ պրոֆեսիոնալ մրցավարներ Սամվել Զարգարյանը, Ալեն Նազարյանը, Սարգիս Սարգսյանը, Կարեն Հովսեփյանը, Արթուր Համբարձումյանը, Թորոս Ֆենդյանը և Երվանդ Դոխոլյանը:
Մրցաշարի նշանակության և նպատակների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զառա Բաթոյանի հետ.
«Այսօր մեկնարկում է «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» ֆուտզալի ԶԼՄ-ների մրցաշարը, որին մասնակցում են 12 լրատվական թիմ՝ տարբեր ԶԼՄ-ներից: Մրցաշարի նպատակն է քարոզել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների գաղափարը, այսինքն բարձրաձայնել խնդրի մասին: Մրցաշարն արդեն 6-րդ անգամ կազմակերպում ենք «Առաքելություն արևելք» կազմակերպության հետ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ, իսկ բոլոր խաղերն անշահախնդրորեն սպասարկում են բարձրակարգ մրցավարները: Մրցաշարը կազմակերպում ենք լրատվամիջոցների հետ, որովհետև հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների, իրավունքների մասին ավելի շատ իրազեկելու առումով նրանք հիմնական մեր գործընկերներն են: Հենց լրատվամիջոցներն են, որ պիտի բարձրաձայնեն խնդրի մասին, խոսեն, որպեսզի հասարակության իրազեկությունը բարձրանա և դրական վերաբերմունք ստեղծվի հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ: Հենց սա է պատճառը, որ մասնակիցները լրատվամիջոցների ոչ պրոֆեսիոնալ թիմեր են, ովքեր սիրով խաղում և լուսաբանում են մրցաշարը:
ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է նաև մրցաշարի կազմակերպիչներից Արամ Մանուկյանի հետ.
«Մրցաշարը կսկսվի խմբային փուլից: 12 թիմերը բաժանվել են 3 ենթախմբերի, որտեղ առաջին 2 տեղերը գրաված, ինչպես նաև երրորդ տեղ գրաված լավագույն 2 թիմերը դուրս կգան հաջորդ փուլ: 8 թիմեր կշարունակեն պայքարը ¼ եզրափակիչում, որտեղ պարտվողները դուրս կմնան հետագա պայքարից: Ցանկանում եմ նաև իմ խորին շնորհակալությունը հայտնել մրցավարներին, որոնք արդեն 6-րդ տարին անընդմեջ անշահախնդրորեն և բարձր մակարդակով սպասարկում են մեր հանդիպումները: Ընդ որում հենց իրենք՝ մրցավարներն են նշում, որ սիրով են սպասարկում մրցաշարի հանդիպումները և իրենք էլ իրենց մրցավարությունից հաճույք են ստանում»:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel