Գլխավոր
հովանավոր

VivaCell

Նորություններ

Print

13.12.2012

Բոլորը սպասում են Դավիթ Մանոյանի վերադարձին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանի skype հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին (տեսանյութ)


Դավիթ, ինչպե՞ս անցավ վիրահատությունդ


Շնորհակալություն, սպասվածից լավ: Նախնական տվյալներով ապաքինումը պետք է տևեր 3-5 ամիս, բայց պարզվեց, որ հնարավոր է սահմանափակվի 3-4 ամսով: Ամեն ինչ լավ է, ուղղակի ժամանակ է պետք:

Սա հին վնասվա՞ծքդ է, որ ստացել էիր դեռևս “Միկայի” դեմ խաղի ժամանակ:

Այս վնասվածքը ես ստացել եմ 2009 թվականին: Զագրեբի “Դինամոյի” պատասխան խաղից առաջ՝ նախախաղային մարզման ժամանակ, կտրեցի մենիսկս: Տարվա վերջում ես վիրահատվեցի: Հիմա նորից այդ ծունկս է, բայց բոլորովին այլ վնասվածք է: Երբ աջ ծունկս վնասվել էր, մոտ 2.5 տարի ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկած էր ձախ ծնկիս վրա, հենց այդ պատճառով էլ առաջացավ այդ պրոբլեմը:

Ինչպե՞ս է ընթանալու վերականգնման պրոցեսը:

Առաջին 6 շաբաթը պետք է ընդհանրապես ուժ չգործադրեմ ձախ ոտքիս վրա: Հետո նորից կնկարեն, և եթե վնասված տեղը արդեն աճած լինի, կսկսեմ քայլել և վազել:

Այսինքն ամբողջ ընթացքում մնալու ես Գերմանիայում՝ բժիշկների հսկողության տակ:

Առաջին 6 շաբաթը հաստատ կմնամ, որովհետև դեռ քայլել չի կարելի, բացի դրանից այստեղ պետք է մերսման և ֆիզիոթերապիայի կուրսեր անցնեմ: Այդ պատճառով մինչև հունվարի կեսերը կմնամ այստեղ:

Դավիթ, քո բուժմամբ զբաղվում է Գերմանիայի հավաքականի և “Բավարիայի” բժի՞շկը:


Այո, նա է զբաղվում, բայց նա վիրահատություններ չի անում: Նա ինձ ուղարկեց ամենալավ մասնագետի մոտ, որը շատ ֆուտբոլիստների է վիրահատել: Չնայած դրան, իմ բուժումը հենց ինքն է իրականացնում:

Դավիթ, թե երկրպագուները, թե հավաքականի ֆուտբոլիստները անհամպեր սպասում են քո վերադարձին: Քեզ մաղթում ենք առողջություն և շուտափույթ ապաքինում:

Շնորհակալություն, քանի որ ամանորյան տոներին ես Երևանում չեմ լինելու, շնորհավորում եմ ֆուտբոլի հետ կապ ունեցող բոլոր մարդկանց Ամանորն ու Սուրբ ծնունդը: Հայկական ֆուտբոլին գալիք տարում մաղթում եմ մեծ հաջողություններ, շատ հաղթանակներ, թող բոլորը երջանիկ լինեն:

   
 
Պաշտոնական
գործընկերներ
Armenian Development Bank Hummel